Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԹԵ՛ ԳԼՈԲԱԼԸ, ԹԵ՛ ԶԱՐԹՈՆՔԸ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՆ, ՄԻԱԿ ՀԱՍՏԱՏՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՆ» Է

ԹԵ՛ ԳԼՈԲԱԼԸ, ԹԵ՛ ԶԱՐԹՈՆՔԸ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՆ, ՄԻԱԿ ՀԱՍՏԱՏՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՆ» Է
20.12.2011 | 00:00

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դեկտեմբերի 21-ին ՌԴ 6-րդ գումարման Պետդուման կգումարի առաջին նստաշրջանը: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենավիճահարույց խորհրդարանի ստորին պալատի նախագահը կլինի Սերգեյ Նարիշկինը` «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհուրդն ընդլայնված նիստում ՌԴ նախագահի աշխատակազմի նախագահին է առաջադրել Պետդումայի նախագահի թեկնածու: Դուման կունենա 8 փոխնախագահ, առաջին փոխնախագահ կառաջադրվի Ալեքսանդր Ժուկովը, «ՄՌ»-ն կունենա ևս չորս փոխնախագահ` Սերգեյ Նևերովը, Անդրեյ Վորոբյովը, Օլեգ Մորոզովը, Լյուդմիլա Շվեցովան, մեկական փոխնախագահ կունենան մյուս կուսակցությունները, այսինքն` խորհրդարանական հարթակ նույն կարգավիճակով կվերադառնան Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Սերգեյ Միրոնովը: Անդրեյ Վորոբյովը կլինի «ՄՌ» խմբակցության ղեկավարը:
Նախագահի թեկնածու առաջադրված Գենադի Զյուգանովը կոմկուսի համագումարում հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում Դումայի արտահերթ վերընտրություններ կլինեն: Դեկտեմբերի 18-ին կոմկուսը Մանեժնայա հրապարակում «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցել է 3-5000 մարդ: Զյուգանովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ «կիրառվել են ամենակեղտոտ տեխնոլոգիաները, ստորացում և կեղծարարություն»: «Բոլոր նրանք, ովքեր ձայներ են գողացել, բռնազավթել են իշխանությունը, պետական հանցագործներ են, նրանք կպատժվեն, նրանք պատասխան կտան իրենց հանցանքների համար: Նրանք կատարյալ սրիկաներ են»,- ասել է նախագահի թեկնածուն: Նրա կուսակցությունը մեկուկես հազար բողոք է ներկայացրել, Զյուգանովը պահանջում է ամբողջ ԿԸՀ-ի հրաժարականը Վլադիմիր Չուրովի գլխավորությամբ:
Բողոքի հանրահավաքներ դեկտեմբերի 17-ին եղել են Կալինինգրադում, Իրկուտսկում, Սամարայում, ՈՒլան ՈՒդեում, Չիտայում և այլ քաղաքներում: Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում «Յաբլոկոյի» հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցել է 1500-5000 մարդ: Նրանք պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում:
«Համերաշխություն» ընդդիմադիր շարժման համանախագահ Բորիս Նեմցովի կարծիքով` 2012-ի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. «Եթե գրանցեն Պրոխորովին և Յավլինսկուն, կնշանակի, որ երկու փուլի կուրս է վերցվել, երկրորդ փուլում կմնա ավանդական խաղընկեր Գենադի Զյուգանովը, և ընտրողներին կհրամցվի ավանդական ռուսական ընտրություն վատի ու ահավորի միջև»:
Անցած շաբաթ կայացավ Վլադիմիր Պուտինի 10-րդ ուղիղ եթերը համերկրացիների հետ: Այս խոսակցությունն ամենաերկարն էր` կառավարության նախագահը 4 ժամ 33 րոպեում միլիոն հարցից պատասխանեց 88-ին: 10 տարվա մեջ առաջին անգամ նրան առաջադրում էին իսկական հարցեր: Ռուսական լրատվամիջոցների գնահատականով` նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հանրությանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, ամբողջ խոսակցության ընթացքում ոչ մի անգամ չհիշատակվեց գործող նախագահի անունը: Նախագահական ընտրությունների արդարությունն ապահովելու համար Պուտինն ուղիղ եթերում առաջարկեց բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհողներին նա խորհուրդ տվեց ոչ թե հանրահավաքներ անել, այլ դատարաններ դիմել, իսկ Բոլոտնայայի ցուցարարներին մեղադրեց փողով հրապարակ դուրս գալու մեջ, բողոքի սպիտակ ժապավեններն էլ համեմատեց հակաբեղմնավորիչների հետ: «Դաշնակիցներ ունի՞ Ռուսաստանը» հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Մենք ԱՄՆ-ի հետ ուզում ենք դաշնակիցներ լինել: Բայց այն, ինչ ես հիմա տեսնում եմ, և այն, ինչի մասին խոսել եմ Մյունխենում, դաշնակցություն չէ: Ինձ երբեմն թվում է, որ ԱՄՆ-ին պետք են ոչ թե դաշնակիցներ, այլ վասալներ»: Զարգացում ստացավ և սենատոր Ջոն Մակքեյնի թեման, որ ընտրություններից հետո Պուտինի համար գուշակել էր Մուամար Քադաֆիի ճակատագիրը: Պուտինը հիշեցրեց, որ սենատորը կռվել է Վիետնամում և քիչ խաղաղ բնակիչների արյուն չի հեղել. «Հավանաբար նրան դուր են գալիս այդ տեսարանները, և նա չի կարող ապրել առանց այդ ահավոր, նողկալի պատկերի, երբ ամբողջ աշխարհի էկրաններով ցույց էին տալիս, ինչպես են սպանում Քադաֆիին»: Պուտինը կասկած հայտնեց նաև ամերիկացու հոգեկան առողջության մասին. «Պարոն Մակքեյնը Վիետնամում գերի է ընկել և ոչ թե պարզապես բանտում է եղել, այլ նրան հորն են նետել. ով էլ լիներ, խելքը կթռցներ»: Մակքեյնը Twitter-ում նրան պատասխանեց` «Թանկագին Վլադ, մի՞թե ես նման բան եմ ասել»: Ավելի ուշ նա Պուտինի մեղադրանքներին անդրադարձավ FOX News-ի եթերում. «Միանգամայն ակնհայտ է, որ հուզումները և միտինգները Ռուսաստանում ստիպել են Պուտինին (Վլադին` ինչպես ես նրան նախընտրում եմ անվանել) և երկիրը կառավարող օլիգարխիային մի քիչ նյարդայնանալ: Հենց այդ պատճառով էլ նա արձագանքեց այդքան տարօրինակ ու աղմկոտ»: Պուտինյան ուղիղ եթերից հետո հերքումներ հաջորդեցին ոչ միայն Պենտագոնից (Պուտինը Քադաֆիի սպանության մեջ մեղադրեց ամերիկյան զինծառայողներին), այլև պետդեպարտամենտից. ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մերժեց ռուսներին հանրահավաքների հրահրելու նրա մեղադրանքները: Ջոն Մակքեյնի բլոգի ռուս այցելուները նրան հարց են ուղղել. «Թանկագին Ջոն, մենք` ընդ-վզողներս, մինչև հիմա փող չենք ստացել ոչ Ձեզնից, ոչ Հիլարի Քլինթոնից, ինչո՞ւ եք ուշացնում»:
«Terra America»-ի հարցին` «Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի քաղաքական իրադարձությունները` արդյոք Ռուսաստանը մա՞ս է կազմում գլոբալ քաղաքական զարթոնքի», Զբիգնև Բժեզինսկին պատասխանել է. «Անկասկած, իրադարձությունները Ռուսաստանում գլոբալ քաղաքական զարթոնքի մաս են, Ռուսաստանի առնչությամբ ես ավելի լավատես եմ, քան Եգիպտոսի: Ես կարծում եմ, որ Ռուսաստանում դիտարկվող քաղաքական զարթոնքը կխորանա ոչ կործանված հույսերի կամ զայրույթի հաշվին, որ հետևանք են սոցիալական ավերների ու անկարգությունների ճնշման: Այդ զարթոնքը ծնվել է իր անքակտելի իրավունքների պահանջից, որ հայտարարում է նոր միջին դասը` երիտասարդ կոսմոպոլիտները: Ես կարծում եմ, որ այդ քաղաքական զարթոնքը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել իսկական ժողովրդավարության ստեղծման: Իհարկե, եթե Պուտինը չճզմի սաղմերը: Բայց եթե նույնիսկ հիմա նա դա անի, հետագայում քաղաքական հավակնությունները նորից են առաջադրվելու` արդեն ավելի վճռական ու կտրուկ»: «Կարո՞ղ է Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում, ինչպես Բարաք Օբաման ԱՄՆ-ում, դառնալ երկրում փոփոխությունների առաջնորդ» հարցին Զբիգնև Բժեզինսկին լակոնիկ է պատասխանել. «Փոփոխությունների առաջնորդ դառնալու համար նախ պետք է առաջնորդ դառնալ»:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ՂԱԶԱԽՍՏԱՆ
Աստանայում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ Ժանաոզեն քաղաքում դեկտեմբերի 16-ի զանգվածային անկարգությունների պատճառով, նիստից հետո նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դիմել է Ղազախստանի քաղաքացիներին: Նախագահն ասել է, որ տոնական միջոցառումների ժամանակ Ժանաոզենում մի խումբ մարդկանց հանցավոր գործողությունների պատճառով տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Անկախության հոբելյանը նշող խաղաղ քաղաքացիների վրա կենտրոնական հրապարակում հարձակվել են խուլիգաններ, նրանք հարձակվել են նաև ոստիկանների վրա, ավերել տոնի առիթով տեղակայված յուրտերը, այրել ոստիկանական ավտոբուսը, ծեծել են խաղաղ բնակչությանը, ջարդել մեքենաները: Իրավապահների պահանջին չենթարկվելով` խուլիգաններն այրել են քաղաքային ու գյուղական ակիմատների շենքերը, հյուրանոցները, «Օզենմունայգազի» վարչական շենքը: Հարձակման է ենթարկվել 46 օբյեկտ: Անկարգությունների հետևանքով եղել են և զոհեր` նախնական տվյալներով տասը մարդ սպանվել է, կան ծանր վիրավորներ, նաև ոստիկաններից: Ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին` Ղազախստանի նախագահը նրանց հավատացրել է, որ իրավախախտումների բոլոր դեպքերով կհարուցվեն քրեական գործեր, ստեղծվել է քննչական խումբ, որը երևան կբերի անկարգությունների կազմակերպիչներին և կվերականգնի հասարակական անվտանգությունը քաղաքում: Նախագահի հրամանագրով Ժանաոզենում 20 օրով մտցվել է հատուկ դրություն, քաղաքը վերահսկում են զորքերը: Նուրսուլթան Նազարբաևը հայրենակիցներին հանգստության կոչ է արել և հորդորել նավթագործների աշխատանքային վեճը չխառնել բանդիտների արարքներին: Նա հավատացրել է, որ կբացահայտվեն խառնակությունները ֆինանսավորողները և հրահրողները: Թեպետ պաշտոնական տվյալներով զոհվել է 11 մարդ և վիրավորվել` 80-ը, սոցիալական ցանցերի տեղեկություններով` զոհերի թիվն ավելի մեծ է: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունը հրահրել են նավթային ընկերություններից մեկի գործադուլի պատճառով աշխատանքից ազատված աշխատակիցները: Անկարգությունները երկրում շարունակվել են. դեկտեմբերի 17-ին Շետպե երկաթուղային կայարանում մի խումբ մարդիկ արգելափակել են մարդատար գնացքի ճանապարհը և ուղևորներին կոչ արել աջակցել Ժանաոզենի խառնակիչներին: 50 խուլիգան կրակի է տվել ամանորյան տոնածառը, գյուղի խանութների ցուցափեղկերը, ճանապարհին հանդիպած տրանսպորտային միջոցները: Հաշվի առնելով, որ նրանց գործողությունները ռեալ սպառնալիք են մարդկանց համար, ոստիկանները հարկադրված են եղել հրազեն կիրառել: Շրջանային հիվանդանոց է տարվել 12 վիրավոր, մեկը մահացել է: Ալմաթիում ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները պահանջել են հատուկ հանձնաժողով ստեղծել` Ժանաոզենի դեպքերի քննության համար: Մի քանի ցուցարար ձերբակալվել է: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել 10 զոհերի և Ժանաոզենի անկարգությունների առիթով։ «Մենք ղազախական իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետաքննել միջադեպը և վերականգնել հասարակական կարգը` առանց ուժ կիրառելու»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Նավի Պիլայը:
Որոշ գնահատականներով` Ղազախստանում ծավալվում է ԱՄՆ-ի հատուկ գործողությունը, որի գլխավոր խնդիրը ՄԱԿ-ում Նազարբաևի ոչ լեգիտիմության հարցի բարձրացումը և վարչակարգի փոփոխությունն է: Համենայն դեպս, տարօրինակ «նավթագործների» ոչ մի տեղից հայտնությունը և իրենց ճանապարհին ամեն ինչի ավերումը դժվար են բացատրվում իբրև սոցիալական բողոքի ակցիա: «ԿազՄունայԳազի» լրատվական ծառայությունը պաշտոնապես հերքել է իր աշխատակիցների մասնակցությունն անկարգություններին:
Ղազախ ընդդիմադիրները և քաղաքացիական ակտիվիստները կոչ են անում հետաձգել հունվարի 15-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները և Ժանաոզենի իրադարձությունները պարզելու համար անկախ հանձնաժողով ստեղծել:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ....ՍՏԱՆ
Ո՞վ է հաջորդը այն ցանկում, որ Զբիգնև Բժեզինսկին անվանում է «գլոբալ քաղաքական զարթոնքի» կրող, թեպետ թե՛ գլոբալը, թե՛ զարթոնքը խիստ կասկածելի են, միակ հաստատունը «քաղաքականն» է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ